Երբ 2013 թվականին Հռոմի պապ ընտրվեց Ֆրանցիսկոսը, բավականին լավատեսական տրամադրություններ ունեինք: Սակայն սպասումներն ապարդյուն էին, Վատիկանի քաղաքականությունը էական փոփոխության չենթարկվեց, և դա օրինաչափ է. եկեղեցիները չեն փոխվելու, լուրջ փոփոխությունը և ժամանակի հետ հաշվի նստելը ցանկացած կրոնական կազմակերպության համար ինքնասպանություն է:
Այժմ ռևանշիստ «պահապանողական» ուժերը Հռոմի պապ կարգեցին ԱՄՆ-ից կարդինալ Ռոբերտ Պրևոստին:
Ի՞նչ կարելի է սպասել:
Կարծում եմ՝ առանձնապես ոչ մի լավ փոփոխություն:
Վատիկանի դերի բարձրացումը ավելի է սրելու համաշխարհային քաղաքական իրավիճակը: Անցած 30 տարիների ընթացքում ամենաշատ «գովազդված» կրոնական գործիքը «ծայրահեղ իսլամն» էր: Եթե այժմ ականատես լինենք «ծայրահեղ քրիստոնեության» զարթոնքին, ուրեմն, որևէ լավ բան սպասել չենք կարող:
Եվ դա շատ հնարավոր սցենար է, քանզի «կոնսերվատիզմի» տակ թաքնված ֆինանսաքաղաքական մաֆիան այլ բան չունի առաջարկելու: Ձախ պոպուլիզմին փոխարինում է ավելի հետադիմական ու վտանգավոր աջ պոպուլիզմը: Ձախ գաղափարները ակտուալ չէն, քանզի IT հեղափոխությունը աշխարհը շատ կարճ ժամանակահատվածում էականորեն վերափոխեց: Դասակարգային պայքարի վրա քաղաքականություն խաղալը բարդ է, բանվոր դասակարգը գրեթե վերացավ, այժմ միջին խավն է վերանում, չկան արհմիություններ: Մասսաներին համախմբելը բարդ է, ֆինանսաքաղաքական օլիգարխիաները ունեն բոլոր լծակները, որպեզի վիժեցնեն ցանկացած նոր շարժում:
Մասսաներին հետևողականորեն դեբիլացնում ու մտցնում են բանկային, վարկային ստրկության բեռի տակ: Բանկերից բացի գոյություն ունեն մասսաներին ստրկացնելու այլ գործիքներ, առողջապահություն, սննդարդյունաբերություն, ինտերնետ, սոցցանցեր, մեդիա...
Բայց, առանց «գաղափարական» թեզերի հնարավոր չէ կառավարել, բաժանել և տիրել:
Կրկին օգտագործվելու են կրոններն ու ազգայնականությունը, միջնադարյան խավար՝ նորաոճ ավանդապաշտության ձևով:
Այլ ելք չկա, սոցիալական բևեռացումը օր-օրի աճում է, պետք է մնան մեգահարուստներ և աղքատներ, որոնք ժամանակ չպետք է ունենան սեփական պարտքերից բացի այլ բաների մասին մտածել, լուսավոր բաների ձգտել:
Մինչև «պլորետարիատը, բացի շղթաներից, կորցնելու այլ բան չունենա»:
Մոտ 100 տարի առաջ նման իրավիճակ էր: IT հեղափոխության մասին դեռ պատկերացումներ չկային, բայց տեխնոլոգիական ու արդյունաբերական հեղափոխությունը նույն կերպ շատ արագ փոխեց աշխարհը: Ինչքան էլ դավադրապաշտ տեսակետներից նայենք 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությանը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, միևնույն է, գլխավոր օբյեկտիվ պատճառը արդյունաբերական հեղափոխությունն էր, որ 2-3 տասնամյակում ողջ Հին աշխարհից կտրեց մարդկությանը: Գարշահոտ միջնադարը պայքարեց մինչև վերջ, աշխարհը ստացավ մեծ արյունահեղություն:
Այժմ, երբ IT հեղափոխությունը փիլիսոփայական «բացասման բացասումի» օրենքով կտրուկ հեռացավ հնացած 20 րդ դարից, միջնադարյան խավարը կրկին միավորվել ու «կոնսերվատիզմ» է քարոզում: Այնինչ, հարցերի հարցը մնում է «կապիտալի բաշխումը»: Օլիգարխիան զանազան մոնոպոլիաների շնորհիվ կլանում է ցանկացած նորածին ստարտափ ու միտք, որպեսզի նորածինները վտանգ չսպառնան ապագայում:
Այսպես շարունակելու դեպքում վերափոխվելու է նաև «ձախ պոպուլիզմը», և ստանալու ենք մի նոր բոլշևիզմ, ինչի դիմաց մարդկությունը վճարելու է շատ թանկ գին:
Եվ ուրեմն, նոր Հռոմի պապի ընտրությունը լավատեսության տեղիք չի տալիս: Բայց չկա չարիք՝ առանց բարիքի, գուցե վերջապես կրոնների հակադրումից կրոնները մնան անցյալում: Մարդկությունը ամենածանր գինը կրոնների դիմաց է վճարել:
Հետաքրքիր ժամանակներ են, գրողը տանի:
Արա Արայան